ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ատելությունը սրտի խենթություն է (Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ)

Ատելությունը սրտի խենթություն է (Ջորջ Գորդոն ԲԱՅՐՈՆ)
01.03.2013 | 12:00

Աստված Մովսես մարգարեին տասնաբանյան պատվիրաններով հրահանգեց. «Մի՛ սպանիր»: Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Նա, ով իր եղբորն ատում է, մարդասպան է», որովհետև սպանության սկիզբը ատելությունն է: Մարդ նախ ատում է, ապա` սպանում: Մարդասպանությունը Կայենից սկսվեց, որն իր եղբորը` Աբելին, խաբելով սպանեց: Կայենի գործերը չար էին, իսկ Աբելինը` բարի: Աբելին սիրում էր Աստված, սիրում էին և իր ծնողները, ինչի պատճառով Կայենն ատեց իր եղբորը: Ատելությունը եղավ բոլոր մեղքերի սկիզբն ու պատճառը: Նրանից և նախանձից ծնվեցին քենն ու ոխը, իսկ ոխակալությունից` նենգությունը, խաբելը և սուտ խոսելը:

ՈՐՈ՞ՆՔ ԷԻՆ ԿԱՅԵՆԻ ՅՈԹ ՄԵՂՔԵՐԸ
Աստծուն իր պտուղներից և բերքից վատն ու անպետքը նվիրեց: Նախանձեց: Ատեց: Նենգությամբ խաբեց եղբորը: Սպանեց: Որպես առաջին ոճրագործ` չար օրինակ եղավ աշխարհին: Երբ Աստված հարցրեց, թե` «Ո՛Ւր է քո եղբայր Աբելը» (Ծննդ. 4:9), նա ստեց, թե` «Չգիտեմ»: Աստված նրան հարցրեց, որպեսզի զղջալով «մեղա՜» ասեր, մինչ նա ատելությամբ պատասխանեց. «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ» (Ծննդ. 4:9): Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ» (Ծննդ. 4:10): Աստված յոթ պատիժ ուղարկեց Կայենի վրա: Նախ նրան անիծեց. «Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը եղբորդ` քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար: Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանա քեզ տալ իր արդյունքը (Ծննդ. 4:11-12): Ծառի նման պիտի դողդողաս, ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա» (Ծննդ. 4:12): Ծովի ալիքներից պիտի տատանվես»։ Մարդասպան Կայենի վրա նշան դրեց. «Նա, ով կսպանի Կայենին, յոթնապատիկ վրեժի կարժանանա: Եվ Տեր Աստված նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի» (Ծննդ. 4:15):
Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար առակագիրը գրում է. «Հակառակությունն ատելություն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Նրանից առաջ են գալիս բարկությունը, նախանձը, անգթությունը, վայրագությունը, հպարտությունը, վրեժխնդրությունը, կասկածն ու համառությունը: Իսկ ատելությունը առաջ է գալիս անձնասիրությունից ու փառասիրությունից:
Փաստենք, որ կա երկու տեսակի մարդասպանություն.
ա) արյունով և մեկ անգամ,
բ) առանց արյան ու անդադար` ատելության ոգով:
Մարդիկ հաճախ անիրավ տեղն են իրար ատում: Այս երևույթը հնուց ի վեր գոյություն ունի: Արժե լսել Սաղմոսերգուին, որը պաշտոնական բերանն է մերօրյա մի շարք անիրավությունների. «Տե՛ս թշնամիներս որքա՜ն բազմացան և անիրավ ատելությամբ ինձ ատեցին» (Սաղմ. 24:19): Աշխարհն այնպիսի մի վիճակ է ստացել, որ մարդն ուզում է իր կամքը պարտադրել դիմացինին: Մարդիկ ամեն ինչ նյութական զորության մեջ են ուզում տեսնել, նկատելով, որ ապրելու համար նյութը էական է: Եվ եթե չեն կարողանում նյութապես ճզմել դիմացինին, սկսում են ատել նրան, գոհացում տալու համար իրենց փառասիրություններին:
Ատելությունը թույնի է նման: Մարդը, եթե այն չկարողանա իր ատած անձի մեջ ներմուծել և նրան սպանել, անպայմանորեն այդ հյութից կամ նյութից ինքը պիտի թունավորվի ու նրա արյունով բարոյապես պիտի սպանվի:
Ամեն ասպարեզ ունի իր սկզբունքները: Եթե մի մարդ իր դիրքի ու հավատի սկզբունքին կառչած տեղի չի տալիս, դա չի նշանակում, թե այդ անձը համառ է, այլ ընդհակառակը` օրինապահ մեկն է: Իսկ նա, որ ի շահ իր փառասիրությունների, ուզում է ոտնակոխ անել այդ սկզբունքները, նշանակում է` նա ոտնահարում է նրա իրավունքները: Իսկ եթե ենթական հաջողություն չի ունենում իր նպատակը իրագործելու, սկսում է ատել դիմացինին:
Ահա այստեղ է, որ Սաղմոսերգուն ատվողի բերանով ասում է. «Բայց ովքեր մեղանչում են իմ դեմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մեջ, և ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը» (Առակ. 8:36):

ԻՇԽԱՆՆ ՈՒ ԱՅՐԻ ԿԻՆԸ
(Վարդան վարդապետ Այգեկցի)
«Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին, ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը` ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի»:
Արդար մարդը ոչ մեկին չի ատում, որովհետև այս անցողիկ կյանքում ատելությունը մարդկային չէ:
Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ոչ մեկին չատեց, սիրեց և առանց ատելու ու Իր սկզբունքից շեղվելու խաչ բարձրացավ, կամովին մահը գրկեց, սակայն փարիսեցիների փառասիրությունների և եսասիրությունների խաղալիք չեղավ:
«Տիրոջ հանդեպ զգացված երկյուղն ատում է անիրավությունը, թշնամանքն ու հպարտությունը և չարի ճանապարհը» (Առակ. 8:13):
Աստծուն հավատացողն ատում է սատանային, բարին սիրողը` չարը: Աստծուն հավատալով ոչ ոք չի կարող ատել իր եղբորը: Ոչ միայն սուրբգրականորեն, այլև մարդկայնորեն ներելի չէ այդպիսի մի արարք:
«Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա. Հովհ. 4:20):
Ատելությունը չարիքի արմատն է: Այն արմատախիլ անելու կարողություն ունեցող միակ կացինը սերն է։
Չի կարելի ատել մարդկանց, այլ նրանց չար սովորությունները:
ՈՒստի այն քրիստոնյաները, ովքեր սիրելու փոխարեն ատում են իրար, մարդասպան են, քանի որ բոլորս էլ քույրեր ու եղբայրներ ենք, նույն ավազանում մկրտված ու Արարչին որպես «Հայր» ենք ընդունում: ՈՒրեմն մի՛ ատեք իրար: Մի՛ նախանձեք: Մի՛ չարախոսեք, ոխ մի՛ պահեք: Մի՛ անարգեք, այլ սիրեք ու ներեք իրար: Ամե՜ն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5397

Մեկնաբանություններ